Չէր կարող ողջ աշխարհի համար պատմական անբեկանելի փաստ հանդիսացող Արևմտյան Հայաստանի հետ ֆեյք Արևմտյան Ադրբեջանը նույն հարթության մեջ ներկայացնող անձը որևէ շահագրգռվածություն չունենալ: Եվ եթե դա անողը լիներ ադրբեջանցի, ապա բոլորին պարզ կլիներ, որ իր պետության շահն է առաջ տանում, եթե լիներ որևէ հայ, ապա անհրաժեշտ կլիներ պարզել, թե ու՞մ պատվերն է կատարում և ինչի դիմաց: Սակայն, եթե դա անում է Հայաստանի վարչապետը, որը կոչված է պաշտպանել իր երկրի շահը, ապա հարց է առաջանում՝ որտե՞ղ է պատմական հարուստ ժառանգությունը խեղաթյուրելու, այդ ժառանգությունից հրաժարվելու մեջ մեր պետության շահը: Կարծում եմ՝ նույնիսկ մոլի նիկոլականները չեն կարող ժխտել, որ իրենց ընտրյալը հետևողականորեն իրականացնում է պատմական Հայաստանից հրաժարվելու քաղաքականությունը: Փաստերն առավել քան շատ են և ակնառու, Արարատ լեռից որպես խորհրդանիշ հրաժարվելուց սկսած, վերջացրած ֆեյք հանդիսացող Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական Արևմտյան Հայաստանի հետ նույն նժարին դնելով: Եվ այսպես, ո՞րն է մեր պետության շահը դրանում: Իշխող կլանի երևակայությունը միայն բավարարում է, որ իրենց ներքին խոհանոցում, երբեմն նաև հրապարակային, այդ ամենը ներկայացնեն որպես անվտանգությունից դրդված քայլ: Իբրև թե, եթե ուզում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ ապրել, պետք է հրաժարվենք մեր պատմությունից, ինչպես իրենց սիրելի Բոլթոնն էր ձևակերպել՝ հրաժարվել պատմական կարծրատիպերից: Այս աբսուրդի մասին դժվար է նույնիսկ լուրջ խոսելը: Դուք պատկերացնու՞մ եք, որ Հունաստանին ասեին՝ հրաժարվեք ձեր պատմությունից, Թուրքիայի հետ խաղաղ ապրելու համար, կամ Իսրայելին ասեին՝ հրաժարվեք ձեր պատմությունից, արաբական աշխարհի հետ խաղաղ ապրելու համար: Եկեք թերթենք համաշխարհային պատմության էջերը: Ո՞ր պետությունն է սեփական պատմությունից հրաժարվելով խաղաղություն հաստատել: Սակայն վերջին օրինակը՝ Արևմտյան Հայաստանի և ֆեյք Արևմտյան Ադրբեջանի միջև զուգահեռներ անցկացնելը, դա ուղղակի սեփական պատմությունից հրաժարվել չէ, դա պատմության խեղաթյուրում է, ի օգուտ Ադրբեջանի: Ոչ ոք չի կարող գոնե մեկ փաստարկ բերել, թե Ադրբեջանի օգտին պատմություն խեղաթյուրելու մեջ որտեղ է Հայաստանի շահը: Դա աբսուրդ է, անհեթեթություն, բացի Ադրբեջանի շահից, այդտեղ որևէ այլ շահ գոյություն չունի: Հակառակորդ պետության շահը առաջ տանող երկրի ղեկավարն ի՞նչ է, հարգելի տիկնայք և պարոնայք: Պետք է ի վերջո բացահայտել, թե ի՞նչ շահագրգռվածություն ունի մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Որտեղից ի՞նչ է ստացել և ստանում: Երբ նման փաստեր բացահայտվեն, ամեն ինչ կընկնի իր տեղը: Վերջում ավելացնեմ, որ սեփական պատմությունից հրաժարվող ազգերը ոչ միայն խաղաղության չեն հասնում, այլ այդ ամենը շարունակվում է, սեփական մշակույթից հրաժարվելու ուլտիմատումներով, հետո սեփական լեզվից հրաժարվելու ուլտիմատումներով, հետո, բնականաբար, այդ ազգերը վերջանում են և վերանում համաշխարհային թատերաբեմից: Շատերն այս ամենը հասկանում են և իրերը կոչում են իրենց անունով՝ Հայաստանի իշխանությանը կործանարար անվանելով: Սակայն ավելի շատերին կարիք կա բացատրելու, որ տեղի է ունենում դավադրություն մեր երկրի, մեր ազգի դեմ: Որ Արարատից հրաժարվելով հանգիստ կյանք չեն ապահովելու իրենց համար: Ժամանակին էլ ասում էին, որ այդ հանգիստ կյանքը Արցախից հրաժարվելու գնով պետք է լինի: Հիմա հանգի՞ստ եք, հաստատվե՞լ է ձեր ուզած խաղաղությունը: Յուրաքանչյուրը ինքն իրեն պետք է հարց տա՝ պատրա՞ստ է արդյոք հրաժարվել իր ինքնությունից, հանուն ինչի՞: Ինքնությունը կարևորող մարդիկ եթե գերակշռեն, գուցե դեռ շանս կունենանք, եթե ոչ, չենք լինի այլևս:
Արամ Աբաջյան